National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.02.2012
Տեղի ունեցան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
1 / 6

Փետրվարի 24-ին հերթական նիստերը գումարեցին ԱԺ մշտական հանձնաժողովները:

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Հրայր Կարապետյանի նախագահությամբ քննարկվեց «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», օրինագիծը, որը ներկայացրեց  ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

Օրենքի նախագծի կարգավորման նպատակն է զինված ուժերում պայմանագրային սերժանտական համակարգի ընդլայնումը, ռազմակրթական համակարգի զարգացումը, զինծառայողներին պաշտոնի նշանակման եւ ազատման գործընթացում թափանցիկության ապահովումը, ծառայողական առաջխաղացման հնարավորությունների հստակեցումը, կարգապահության ամրապնդումը: Օրենքի նախագծով շարքային կազմի մեջ մտնող սերժանտական կոչումները եւ պաշտոնները ներառվում են ենթասպայական կազմի մեջ` որպես կրտսեր ենթասպայական կազմ, սահմանվում են սերժանտական կոչումների կրման նոր ժամկետներն ու շնորհման կարգը, հստակեցվում են սպայական կամ սերժանտական դասընթացներ անցնելու ցանկություն հայտնած եւ այդ դասընթացներն ավարտած զինծառայողների կարգավիճակը, որի համաձայն ուսումնառության ժամանակահատվածի համար կնքվում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր: Նախագծով խրախուսման կարգով պարտադիր զինծառայողներին տրվող արձակուրդը փոխարինվում է պարտադիր կարգով տրվող արձակուրդով:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրինագծին նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու եւ 24-ժամյա ընթացակարգով քննարկելու համար:

Դրական եզրակացություն ստացան նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրքը», «Զինապարտության մասին» ՀՀ oրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զենքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» օրենքի նախագծերը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկեց «Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքահարկի մասին», ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Նրա գնահատմամբ` փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հողի հարկի եւ գույքահարկի ապառքների, տույժերի, տուգանքների մարման անհուսալիությամբ, հողի հարկի եւ գույքահարկի բազաների անճշտություններով: Տվյալ բնագավառում ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է հարկային վարչարարության բարելավմանը, համայնքների բյուջետավորման գործընթացի հստակեցմանը:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» եւ մի  շարք օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ առաջարկող օրինագծերի երկու փաթեթ:

Օրինագծերի առաջին փաթեթով նախատեսվում է իրավաբանական անձի կողմից փաստաթուղթը կնիքով վավերացնելու պարտականության, ինչպես նաեւ փաստաթղթերը կնիքով հաստատելու հայեցողական իրավունքի վերացում, ինչը կնպաստի գործարարություն սկսելու գործընթացի հեշտացմանը:

Երկրորդ փաթեթի օրենսդրական փոփոխությունների ընդունմամբ կիրականացվի էլեկտրոնային գրանցման համակարգի վերջնական ներդրումը, ինչը հնարավորություն կտա տեղեկություն ներկայացնելու ոչ միայն թղթային կրիչի  վրա, այլեւ էլեկտրոնային ձեւով: Էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու համար կկիրառվեն էլեկտրոնային թվային ստորագրություններ:

Հանձնաժողովը քննարկված օրինագծերի վերաբերյալ դրական եզրակացություն ներկայացրեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արմեն Ռուստամյանի նախագահությամբ քննարկվեց 1965 թվականի նոյեմբերի 15-ին Հաագայում ստորագրված «Արտերկրում քաղաքացիական եւ առեւտրային գործերով դատական եւ արտադատական փաստաթղթերի հանձնման մասին» կոնվենցիան, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանը: Նա նշեց, որ կոնվենցիայի նպատակ» է դյուրացնել հանձնման ենթակա դատական եւ արտադատական փաստաթղթերի փոխանցման կարգը եւ բարելավել փոխադարձ իրավական օգնության կազմակերպումը:

Ռուբեն Մելիքյանը նաեւ ներկայացրեց 1970 թվականի մարտի 18-ին Հաագայում ստորագրված «Քաղաքացիական կամ առեւտրային գործերով արտերկրում ապացույցներ ձեռք բերելու մասին» կոնվենցիան` կից վերապահումով եւ հայտարարություններով, որի նպատակն է բարելավել փոխադարձ դատական համագործակցությունը քաղաքացիական կամ առեւտրային գործերում:

Քննարկված կոնվենցիաները հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

Մինչեւ 15 օրով հետաձգվեց Աժ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հեղինակած «1988-1994թթ. ընթացքում հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունները ցեղասպանություն ճանաչելու մասին»  օրինագիծը:

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը: Օրենքի նախագծի ընդունման արդյունքում  թմրամոլությամբ հիվանդ անձանց  մասնագիտական եւ առավել վտանգի աղբյուր հանդիսացող գործունեության հետ կապված հարցերը կկանոնակարգվեն ոչ թե առանձին ցանկում ընդգրկված անձանց համար, որը միգուցե սպառիչ չլինի, այլ «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի հոդված 41-ի 2-րդ մասով սահմանված դրույթներով` քաղաքացիների առողջության, նրանց իրավունքների եւ օրինական շահերի պահպանման, երկրի պաշտպանության ապահովման եւ անվտանգության նպատակով նշված մարմինների պաշտոնատար անձինք եւ իրավաբանական անձանց ղեկավարները, օրենսդրությամբ սահմանված կարգով, իրենց լիազորությունների շրջանակներում, թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ազդեցության տակ գտնվող անձանց կազատեն մասնագիտական ցանկացած տիպի գործունեության եւ առավել վտանգի աղբյուրի հետ կապված աշխատանքի կատարումից:

Քննարկված օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի եւ փետրվարի 27-ից մարտի 1-ի նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովը որոշեց շարունակել նիստը փետրվարի 27-ին ժամը 9: 30-ին:

ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը: Ըստ փոխնախարարի` նախագծով առաջարկող փոփոխության նպատակն է օրենքով ամրագրել բնակարանի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառման գործառույթը:
 

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին»ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը: Փոխնախարարը նշեց, որ ընդունվել են պատգամավորների կողմից ներկայացված բոլոր առաջարկությունները. ըստ այդմ` առաջարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում սահմանել, որ ՀՀ-ում բնակվող (հաշվառված) ՀՀ երկքաղաքացուն ՀՀ-ում կենսաթոշակ է նշանակվում եւ վճարվում անկախ այլ երկրի պետությունից կենսաթոշակ ստանալու հանգամանքից, նաեւ առաջարկվում է վերոնշյալ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ երկքաղաքացիների կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում եւ կենսաթոշակ վճարելը վերսկսվում է օրենքով սահմանված կարգով կենսաթոշակառուի դիմելու դեպքում:

Քննարկված օրինագծերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն մեծ եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված էին պատգամավորներ Գագիկ Մելիքյանի,  Արտակ Դավթյանի, Կարեն Ավագյանի, Ռազմիկ Զոհրաբյանի, Ռաֆիկ Գրիգորյանի եւ Արաիկ Հովհաննիսյանի հեղինակած «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման  մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ պատգամավորներ  Արա Նռանյանի, Արտյուշ Շահբազյանի, Արծվիկ Մինասյանի , Գոհար Ենոքյանի հեղինակած ,Գույքահարկի մասին»  ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ  օրինագծերը, որոնց քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվեց:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկեց «ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Նախաձեռնության հեղինակ Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրինագծի հիմնական նպատակն օրենսդրական գործընթացում գլխադասային հանձնաժողովների վերահսկողական գործառույթների ընդլայնումը եւ դերի բարձրացումն է: Առաջարկվում է օրենքով նախատեսված որոշ դեպքերում գլխադասային հանձնաժողովին լիազորել ներկայացնելու բացասական եզրակացություն:

Կառավարության ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը նշեց, որ գործադիրն ընդունելի կհամարի օրինագիծն իր առաջարկությունների ընդունման դեպքում:

Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանն առաջարկեց դրական եզրակացություն տալ քննարկվող հարցին:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կընդգրկվի ԱԺ գարնանային նստաշրջանի օրակարգի նախագծում:

ԱԺ պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի եւ Արմեն Մարտիրոսյանի հեղինակած  «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,  «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը եւս քննարկվեց առաջին ընթերցումով: Արմեն Մարտիրոսյանի ներկայացմամբ` օրենսդրական փոփոխությունների նպատակն է ամրագրել Ազգային ժողովի ընտրությունները 100% համամասնական ընտրակարգով անցկացնելու իրավական հիմքերը: Ըստ նրա` այս ընտրակարգի ներմուծումը խորհրդարանը կարող է վերածել երկրի քաղաքական թիվ մեկ ամբիոնի, որտեղ կլուծվեն երկրի կառավարմանը եւ քաղաքական կյանքին առնչվող խնդիրները եւ կծավալվի բացառապես օրենսդրական ու քաղաքական գործունեություն: Նշվեց, որ խորհրդարանական ընտրությունները 100% համամասնական ընտրակարգով անցկացնելու վերաբերյալ իրենց աջակցությունն են հայտնել հայաստանյան քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն իրականացնող բազմաթիվ կուսակցություններ, քաղաքական ուժեր եւ հասարակական կազմակերպություններ:

Հարակից զեկույցում ներկայացնելով կառավարության տեսակետը` արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը նշեց, որ կառավարությունը դեմ է փաթեթին, քանի որ դրանով խախտվում է ընտրողի ընտրելու իրավունքը: Նա նշեց, որ առաջարկվող փոփոխությունն անընդունելի է նաեւ համակարգային եւ սահմանադրական իրավունքի տեսակետից:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հարակից զեկույցում նշեց, որ իրենք եւս դեմ են օրենսդրական փաթեթի ընդունմանը:

Քննարկումների արդյունքում հանձնաժողովը օրենսդրական փաթեթի վերաբերյալ դրական եզրակացություն չներկայացրեց:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» կառավարության օրինագիծը քննարկվեց առաջին ընթերցումով: ՀՀ դատախազության ներկայացուցիչը հայտնեց, որ օրինագծով կարգավորվում են Հայաստանի տարածքից դուրս հանցանք կատարած անձանց ձերբակալման, ժամանակավոր կալանավորման, հանձնման նպատակով կալանավորման հիմքերը, ժամկետները եւ դրանք երկարացնելու կարգը, արգելանքի վերցված անձանց իրավունքները եւ դրանց ապահովումը: Հստակ տարբերակված են նաեւ հանձնման նպատակով կալանավորման միջնորդությամբ դատարան դիմելու սուբյեկտները: Մասնավորապես, եթե քրեական գործը գտնվում է այլ պետության նախաքննական մարմինների վարույթում, ապա հանձնման նպատակով կալանավորելու միջնորդությամբ դատարան է դիմում դատախազը, իսկ այլ պետության դատարանի վարույթում գտնվող քրեական գործերով? ՀՀ արդարադատության նախարարությունը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց օրինագծին` ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի եւ ընթացիկ նստաշրջանի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:

Քննարկվեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) մասնավորեցման գործընթացի, նրան հանքավայրերի շահագործման իրավունքներ տրամադրելու պայմանների, ԶՊՄԿ-ի կողմից ՀՀ-ում օրենքով սահմանված բնապահպանական չափորոշիչները պահպանելու եւ բնապահպանական վճարների կատարման, «ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի, Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի եւ Սյունիքի համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» կառավարության 2011 թ. ապրիլի 28-ի N 627-Ն որոշման օրինականության ուսումնասիրության վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնած որոշման նախագիծը: Հիմնական զեկուցող Ստյոպա Սաֆարյանը ասաց, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը պայմանավորված է Սյունիքի մարզի 5 համայնքներում 600 հա-ից ավելի հողերի շուրջ ստեղծված իրավիճակը ուսումնասիրելու, ինչպես նաեւ այդ տարածքում հանքարդյունաբերության առաջատար  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) մասնավորեցման ու գործունեության օրինականության հարցերը ուսումնասիրելու հրամայականներով:

Հարակից զեկուցող Հովհաննես Սահակյանն առաջարկեց իր գործընկերներին դեմ քվեարկել որոշման նախագծին` նշելով, որ հեղինակների կողմից բերված փաստարկները հիմնավոր չեն: Ոչ դրական եզրակացության կողմնակից էր նաեւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Հարցի վերաբերյալ հանձնաժողովը դրական եզրակացություն չներկայացրեց:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց եւ դրական եզրակացության արժանացավ կառավարության նախաձեռնած «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Մինչեւ 15, 30 եւ 60 օրերով հետաձգվեցին մի շարք օրենքների նախագծերի քննարկումներ: Որոշվեց նաեւ մինչեւ հանձաժողովի երկուշաբթի օրվա նիստը հետաձգել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի ու «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին»  եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթների քննարկումը:

Հանձնաժողովը երկուշաբթի` փետրվարի 27-ին, կգումարի նիստ:
 
 
 


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am